Արամ Պաչյանի «P/F»-ի ճանապարհը՝ շնորհանդեսից մինչև ԵՄ մրցանակ

Բավական երկար ստեղծագործական դադարից հետո 2020թ. սեպտեմբերին լույս տեսավ Արամ Պաչյանի նոր գիրքը՝ P/F վեպը։ 

Սեպտեմբերի 26-ին «Միրզոյան» գրադարանում տեղի ունեցավ երկար սպասված գրքի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում գրքի քննարկմանը մասնակցեցին կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը, դաշնակահար, ԱՐԷ կատարողական արվեստի փառատոնի հիմնադիր Մարինե Կարոյանը, կոմպոզիտոր և Երևանի Պետական Կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը: Միջոցառումը վարում էր լրագրող և գրող Անուշ Քոչարյանը։

 

«P/F»-ը գրված է հատվածային, փորձարարական արձակի ոճով, նաև Ձեն-բուդդայական կոաններին բնորոշ հնչերանգով: Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, քաղաքի բանտարկված գետը՝ Գետառը, 2000-ականներին շահագործումից հանված տրամվայը և մենակ մարդը, որ փնտրում է իր ներկան ու անցյալը արդեն իսկ անհետացող հիշողությունների մայրաքաղաք Երևանում։ 

Արամի արվեստը գնահատող շնորհանդեսի բազմաթիվ հյուրերը հնարավորություն ստացան ձեռք բերել հեղինակի նոր վեպը իր մակագրությամբ: Արամի նոր ստեղծագործությունը միտված էր նոր ու թարմ շունչ տալ գրական աշխարհի` համավարակից կծկված թոքերին: 

Սակայն թևավոր խոսք կա. «Կյանքը այն է, ինչ կատարվում է մեզ հետ, մինչդեռ մենք այլ ծրագրեր ենք նախագծում»: Եվ սեպտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերն սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, և ամեն բան, բացի մեր հայրենիքի ամբողջականությունից ու զինվորի կյանքից, դարձավ երկրորդական: 

Պատերազմն ավարտվեց… անասելի ցավ, հազարավոր կորսված կյանքեր, մոխիրներից վեր հառնելու փորձեր… 

2021թ. ապրիլին հայտարարվում է, որ Հայաստանը առաջին անգամ ներառված է ԵՄ գրական մրցանակին  առաջադրված երկրների ցուցակում: Թեկնածուներից մեկն էլ հենց Արամ Պաչյանի P/F վեպն էր: Մայիսի 18-ին հրապարակվեց Հայաստանի կողմից հաղթող ստեղծագործության անունը` P/F: 

Սա կարծես նոր շունչ տվեց վեպին, որը անկասկած կհարթի իր ճամփան գրական աշխարհում և դեռ շատ ու շատ մրցանակների ու գնահատանքի կարժանանա:  

ԵՄ գրական մրցանակի հայաստանյան ժյուրի նախագահ Արմեն Հայաստանցին ներկայացնում է մրցանակակիր գիրքը

ԵՄ գրական մրցանակի հայաստանյան մրցանակակիր Արամ Պաչյանի ուղերձը