«Ցտեսություն, Ծիտ»
Խախտելով տարածության և ժամանակի բնագրային օրենքները` երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի առաջին “Ցտեսություն, ծիտ” վեպն ինքնաստեղծվում և կազմաքանդվում է հենց ընթերցանության ընթացքում, ընթերցողի անմիջական մասնակցությամբ: Ոճական հանդուգն լուծումներով և կտրուկ անցումներով լեզվական հյուսվածքաշերտի անվերջ ձևափոխմամբ վեպը պատկերում է մի բեկոր` ուր երիտասարդ հերոսները բախվելով դեսպոտիզմի դաժան իրողությանը, սահմանում են կյանքի այնպիսի ձևեր, այնպիսի հարաբերություններ, ուր տրամաբանությանը փոխարինում է կեցության անգիտակցական հոսքը: Բանակից զորացրված 28 ամյա զինվորի հալուցինացիաները միմյանց միջով բացվող պատուհաններ են, որոնք վերադարձի և վերջնական հրաժեշտի բացառիկ հնարավորություն են ընձեռում նրան: Բայց այս վերադարձը ոչ թե անցյալը լոկ արտացոլելուն և վերարժևորելուն է միտված, այլ գեղեցկության ակնթարթները հավերժացնելուն և պահպանելուն: Այս վերադարձը որոնումն է, կարոտը և հպումը հիանալու կարողության կորստի, թեկուզ մի աշխարհում, որտեղ կյանքն ու մահը խնդիրներ չեն այլևս: Սիրելով Կլոդ Սիմոնի, Կոստան Զարյանի, Պետեր Հանդկեի, Ֆիլիպ Ռոտի, Իտալո Կալվինոյի ստեղծագործությունները, երիտասարդ արձակագիրը շարունակում է համաշխարհային գրականության լավագույն ավանդույթները` փորձելով պատկերել և ստեղծել սեփական էսթետիկան, որի համարձակ դրսևորումը «Ցտեսություն, Ծիտ» վեպն է:
Կոշտ կազմով գրքի արժեքն է 5500 ՀՀ դրամ, փափուկ՝ 5000 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով 077 755 589։ Առաքումը Երևանում անվճար է, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման` պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով։