Մեր «Փիսոները» մանկական կենտրոնների սիրված գրքերն են

Աննա Իսաբեկյանի «Փիսոների» շարքը մեծ տարածում է գտել նախադպրոցական երեխաների շրջանում։ Ամեն օր ստանում ենք նամակներ, որտեղ ծնողները հարցնում են հաջորդ Փիսոյի գրքի մասին, կամ էլ կիսվում են իրենց երեխաների պատմություններով։ Փոքրիկ Էլենը այսուհետ գիշերանոթին նստում է մեծ պատրաստակամությամբ, բայց միայն իր սիրած խաղալիքի հետ, իսկ Արամիկը այլևս չի վախենում գնալ բժշկի, քանի որ Փիսոն էլ չի վախենում, Գևորգը չի թույլ տալիս, որ մայրիկը իրեն հագցնի, իսկ Աննան այլևս չի վախենում սենյակում միայնակ քնելուց։ 

Իսկ վերջերս մենք իմացանք որ Փիսոները նաև դուր են գալիս նոր կարդալ սովորող երեխաներին։ Ֆեդերիկոն, (նկարում) դպրոցից հետո հաճախում է Արմավ մանկական կենտրոնը, որտեղ դասապատրաստման ընթացքում հայտնաբերել է մեր Փիսոյին։ «Սա իմ՝ «Արմավում» կարդացած ամենալավ գիրքն է», ասել էր Ֆեդերիկոն և մենք մեծ հաճույքով այցելեցին նրան, ոչ միայն զրուցելու, այլև «Արմավին» և մեր փոքրիկ ընթերցողին Փիսոյի նոր գրքերը նվիրելու և մանկավարժների հետ զրուցելու համար։  

Կենտրոնի հիմնադիր, լոգոպեդ Արմինե Ավագյանը նշեց, որ Փիսոն ոչ միայն նախադպրոցականների համար է հետաքրքիր, որպես կենցաղային հարցերի շուրջ դաստիարակող և սովորեցնող գիրք, այլ նաև նոր կարդալ սովորող և ընթերցանության դժվարություններ ունեցող երեխաների համար։ Չնայած մի փոքր ավելի մեծ տարիքին, նման երեխաները ուրախ են լինում, որ կարողանում են հաղթահարել ինքնուրույն ընթերցանության դժվարությունները հենց նմանատիպ գրքերով։ «Եթե Փիսոների շարքը չլիներ, կարիք կլիներ դրանք հորինել ու ես նույնիսկ մտածում էի դրա մասին։ Հետո հայտնաբերեցի այս գրքերը և էլ ավելի ուրախացա, որ հայ հեղինակ է ու գրագետ արված նկարազարդումներն էլ հեշտացնում են ընկալումը երեխաների համար»։ 

Շատ կարևոր է նաև երեխայի առաջին ինքնուրույն ընթերցանության փորձառությունը հետագայում գրքերի և ընթերցանության հանդեպ սեր առաջացնելու համար։ Կարդալով Փիսոյի մասին՝ երեխաները իրենց նույնականացնում են հերոսին և փորձում են ընդօրինակել նրան, իսկ մեր Փիսոն խելացի է և ունի միայն լավ սովորություններ։  

Հեղինակի մասին

Աննա Իսաբեկյանը նկարիչ և գրաֆիկ դիզայներ է։ Այժմ նա ապրում է Փարիզում և ունի երկու մանկահասակ որդի։ Փիսոների մասին սկսել է գրել, երբ չի կարողացել հայալեզու նկարազարդ գրքեր գտնել իր երեխաներին հայերեն կարդալու ու լեզուն սովորեցնելու համար։ Այս լավագույն մղումներից էլ ծնվել է Փիսոյի շարքը, որը դեռ նոր պատմություններով ուրախացնելու է երեխաներին ու օգնելու նրանց ծնողներին օգտակար հմտություններ սովորեցնել։

  

Փիսոյի շարքը ներառում է հետևյալ գրքերը՝

  • «Փիսոն վատ երազ է տեսնում»
  • «Փիսոն հագնվում է ինքնուրույն»
  • «Փիսոն գնում է բժշկի»
  • «Փիսոն խաղում է բակում»
  • «Փիսոն ունի գիշերանոթ»

Շուտով Փիսոյի նոր արկածները։