Դեֆնե Սումանը ծնվել է 1974 թվականին Ստամբուլում: Նա մեծացել է Պրինկիպո կղզում, ուսանել է սոցիոլոգիա Բոսֆորի համալսարանում, այնուհետև ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում: Աշխատել է որպես ուսուցիչ Թաիլանդում և Լաոսում։ Այստեղ նա ուսումնասիրել է Հեռավոր Արևելքի փիլիսոփայությունը և առեղծվածները: Ավելի ուշ Դեֆնեն շարունակում է ուսուցումը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում։ 2011թ․ հրատարակված նրա առաջին գիրքը՝ «Կապույտ անտառը» իրենից ներկայացնում էր ճամփորդական գրառումների ժողովածու: Դրան հաջորդեց «Պահմտոցի» վեպը, որն անդրադառնում էր Թուրքիայի ժամանակակից և պահպանողական շերտերի բևեռացման խնդիրներին: 2015թ․-ին նա հրատարակեց «Փոխառված ժամանակներ» վեպը, որտեղ նկարագրել է կոսմոպոլիտ Օսմանյան Զմյուռնիայի կործանումը։ Վեպը նույն օրը լույս տեսավ նաև Հունաստանում՝ «Շեհերազադեի լռությունը» վերնագրով։
Դրան հաջորդեց «Ամռան տափը» վեպը, որն անդրադառնում է Թուրքիայի բաց վերքերից մեկին՝ Կիպրոսի թեմային։ Գիրքը լույս տեսավ միաժամանակ և՛ Թուրքիայում, և՛ Հունաստանում։
14 լեզվով թարգմանված «Նախաճաշի սեղանը» վեպում Դեֆնե Սումանը շարունակում է ուսումնասիրել իր նախորդ վեպերում գերակշռող թեմաներն ու սյուժեները՝ դրանք ընթերցողին ներկայացնելով նոր անկյան տակ և նոր հարթություններում: Դրանցից ամենաուշագրավն են հավաքական հիշողությունն ու մոռացությունը, տրավման, անձնական և սոցիալական մակարդակներում ճշմարտության ճնշումն ու բացահայտումը, ինքնությանը վերաբերող հարցերը, ինչպիսիք են լեզվի և ինքնության միջև կապը, քողարկված ինքնությունը և ինքնության ճկունությունը: Ավելին, Սումանի վեպերը ուսումնասիրում են հակամարտությունը «ես»-ի բազմակողմ գաղափարի և միաձույլ կառուցված ազգային ինքնության միջև: Աքսորի ու տեղահանության, փոքրամասնության դիրքերից խոսելու պարադիգմները միահյուսված են Դեֆնեի վեպերի թեմաների հետ։