«Արևոտ խոհարարը» գրքի շնորհանդես «Զանգակ»գրատանը

«Արևոտ խոհարարը» կարծրատիպեր կոտրող գիրք է: Գիրք, որը պատմում է, թե ինչպես կարող է մեկ վատ արարքը պարփակել, հիասթափեցնել, իսկ ճիշտ կայացված որոշումը ոգևորել, թևեր տալ միևնույն մարդուն:

«Արևոտ խոհարարը» գիրք է, որը կսովորեցնի ձեր բալիկներին առանց նախապաշարմունքների վերաբերվել տարբերվող երեխաներին, խաղալ նրանց հետ, ընկերություն անել և չտարանջատել հասարակությունից: Այն նաև օգտակար կլինի կարդալ ծնողներին, որպեսզի մանուկ հասակից իրենց երեխաներին բացատրեն, որ չի կարելի ծաղրել, նեղացնել, վիրավորել փոքր-ինչ տարբեր երեխաներին, քանի որ իրականում մենք բոլորս ենք տարբեր` բարձրահասակ կամ ցածրահասակ, ուղիղ կամ գանգուր մազերով, թխամաշկ և սպիտակամաշկ, սլացիկ կամ փամփլիկ մարմիններով

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Արևոտ խոհարարը» գրքի շնորհանդեսը, որը շատ շուտով վերածվեց շատ բարի և ուրախ ինտերակտիվ քննարկման մեր փոքրիկ, բայց շատ նրբանկատ և խելացի հյուրերի հետ:

Հանդիպման ընթացքում երեխաների հետ քննարկեցինք գրքերը, դրանց կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում, դրական ու բացասական հերոսների դերն ու ազդեցությունը ընթերցողի վրա: Հետո երեխաները կիսվեցին իրենց ապագա մասնագիտական նախընտրություններով: Այնուհետև, կենտրոնանալով «Արևոտ խոհարարը» գրքի թեմային, քննարկում ունեցանք տարբերվող մարդկանց մասին, որի արդյունքում համոզվեցինք, որ բոլոր մարդիկ էլ տարբերվում են միմյանցից:

Վերջում էլ երեխաներին առաջադրանք տվեցինք իրենց պատկերացմամբ նկարել արևոտ խոհարար Հովհաննեսին` գրքի հերոսին: