Լույս տեսավ Անուշ Քոչարյանի «Վայրի խոտեր» պոեզիայի ժողովածուն
- 28/11/2022
- 1:00 pm
Լույս տեսավ Անուշ Քոչարյանի «Վայրի խոտեր» պոեզիայի ժողովածուն։
Անուշ Քոչարյանը գրող, մշակութային լրագրող է, 2014թ-ից «Ինքնագիր» գրական հանդեսի հեղինակներից է, թղթակցում է «Հետք» էլեկտրոնային պարբերականին, որտեղ էլ վերջին 3 տարիներին ներկայացել է էսսեներով, բանաստեղծական մի քանի շարքերով, քննադատական հոդվածներով եւ հարցազրույցներով։
Սովորելով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ կես տարի բնակվել է Թբիլիսիում, ապա որպես մշակութային լրագրող, ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով անցել է մշակութային փորձի փոխանակման ծրագիր Ամերիկայի հինգ նահանգներում։ Այնուհետեւ 2 տարի (2012-2014թթ․) դասավանդել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ «Ինֆորմացիա եւ լսարան» առարկայի շրջանակներում։ Հանդիսացել մի շարք մշակութային նախագծերի հեղինակ, համահեղինակ եւ պրոդյուսեր։
2012թ-ին հանրությանն է ներկայացրել «Ֆաուստուտոպիա» պիեսի հանրային քննարկումը, նույն թվականին թարգմանվել է անգլերեն (թարգմ․՝ Անիգ Կլեկչյան, Կալիֆորնիա), որից հետո 2013թ․-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության «Լևոն Շանթ» թատերգության մրցույթի շրջանակներում պիեսն ընդգրկվել է «Ժամանակակից հայ դրամատուրգիա» անթոլոգիայի մեջ, իսկ 2014թ-ին արժանացել «Եվրոդրամ» թատերգության թարգմանչական միջազգային ցանցի մրցանակին՝ որպես լավագույն պիես` ներկայացված Հայաստանից՝ կիսելով նույն մրցանակը ժամանակակից գրող Հովհաննես Թեքգյոզյանի հետ։
«Վայրի խոտեր» ժողովածուն ընդգրկում է Անուշ Քոչարյանի՝ 2013-ից 2021 թվականների բանաստեղծությունները։ Գիրքը բաղկացած է 6 մասից՝ «փամփուշտներ մազերդի մեջ», «պատ-երազ», «մինչեւ սեպտեմբեր», «ողջերի հետ», «կրակոց ներսից» եւ «լյուսի»։
Գրքի արժեքն է 5000 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով 077 755 589։ Առաքումը Երևանում անվճար է, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման՝ պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով։
